«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մահ, իսկ հետո՞...

Մահ, իսկ հետո՞...
27.03.2009 | 00:00

ՆՆՋԵՑՅԱԼՆԵՐԸ
(սկիզբը` թիվ 21-ում)
ՄԱՀՎԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ
Ըստ քրիստոնեական թաղման ծիսակարգի, ննջեցյալին իր տնից սկսած մինչև գերեզմանափոսը պետք է ուղեկցեն հոգեպարար շարականներն ու հոգեշահ աղոթքները, որոնք, ինչպես արդեն ասացինք, կատարվում են միայն Տիրոջ քահանաների միջոցով։ ՈՒ քանի դեռ ննջեցյալը տանն է, կարելի է հոգևոր շարականների ու Պատարագի մեղմահունչ ձայնագրություններ միացնել, որն օգտակար է նաև հավաքվածների համար, որովհետև աշխարհի հոգեմաշ թոհ ու բոհից և աղմուկներից հետո նրանց հոգին էլ է խաղաղվում, ու մարդը սկսում է խորհել իր կյանքի և մահվան մասին, այդ պատճառով Աստվածաշունչն ասում է. «Ավելի լավ է սուգի տուն գնալը, քան թե հրավերքի»։ Չէ՞ որ մահը բոլորիս է սպասում, ու հոգին այդ պահերին սկսում է ճիշտ արժեքավորել իր ապրած ժամանակը, որովհետև զգում է, որ Արարչի առջև ինքը դեռ պատասխան ունի տալու։
Եվ ինչպես գրում է Ղևոնդ Ալիշանը. «Մտի՛ր մահվան վարժարանը և այնտեղից սովորի՛ր կյանքի դասը։ ՈՒ վա՜յ նրան, որ այդպես էլ խոնարհություն չսովորի այդ վարժարանում, մանավանդ դագաղի շեմին»։ Իսկ Նեղոս Սինայեցի սուրբ հայրն ավելացնում է. «Ա՜խ իմ հոգիս, ինչո՞ւ ես այդքան անհոգ կյանքիդ հանդեպ, ինչո՞ւ ես մտացրիվ անցկացնում սակավ օրերդ, չգիտե՞ս արդյոք, որ ահա ուր որ է կկանչեն քեզ»։
Մահվան հիշողության օգտակարությունն ապրողներիս համար հաստատում է նաև Հովհաննես Կղեմաքոսը, ասելով. «Ինչպես հնարավոր չէ սոված մարդուն չհիշել հացի մասին, այդպես էլ հնարավոր չէ փրկվել առանց հիշելու դժոխքը, մահն ու վերջին դատաստանը»։
Հաճախ հարց է ծագում մարդկանց մոտ, թե ի՞նչ պետք է ասել հանգուցյալի հարազատների հետ ձեռնվելիս։ Երևի թե պատշաճ քրիստոնեավայել մաղթանքը հետևյալն է. «Աստված Սուրբ Հոգով մխիթարի», որովհետև միայն Աստծո Հոգին կարող է մխիթարել հարազատին կորցրած սգավորին, քանզի Սուրբ Հոգու անունը կոչվում է նաև Մխիթարիչ։
ՀՈԳԵՀԱ՞Ց, ԹԵ՞ ԽՐԱԽՃԱՆՔ
Մեր ազգի սովորություններից է հանգուցյալին հողին հանձնելուց հետո հիշատակել մի բաժակ խմելով ու մի կտոր հաց կտրելով, իսկ վերջում հարազատի ձեռքը սեղմելով ասել. «Սուրբ Հոգով մխիթարվես»։ Չգիտեմ ինչքանով է դա հիմա տեղին, որովհետև հնում դա արվել է որպես սգո հաց, ու դրանով բավարարվել են։ Այդ անելիս մի տգեղ ու անհիմն բան կա տարածված, երբ այդ մի բաժակը խմելիս մնացորդը թափում են շիրմաթմբին։ Լավ սովորություն չէ, որովհետև դրանում ննջեցյալի հանդեպ հարգանքի նշույլ չկա։
Իսկ տանը հոգեհանգստի համար տրվող մխիթարության հացը պետք չէ ուտել-խմելու կամ քեֆի առիթ դարձնել` սեղանները լցնելով քիմքին ու ստամոքսին հաճելի նրբաճաշակ խորտիկներով ու զանազան թանկարժեք ուտեստեղենով ու մանավանդ ոգելից խմիչքներով, որ միայն հարսանիքի ուրախությանը կվայելեր։ Շատերս ենք ականատես եղել, թե ինչպես են հոգեհանգստի տխուր առիթը օղու ազդեցության տակ կատակի կամ կռվի վերածել, ու դեռ այսքանից հետո ուզում ենք մխիթարվել մեր արարքներով։ Մոտիկների շրջապատում սգո հաց ճաշակելիս մխիթարության խոսքերը կամ, այսպես ասած, «կենդանի կենացները» անպայման չէ համեղ կերակրատեսակների ու սառը օղու քանակավոր բաժակների ուղեկցությամբ կամ ազդեցությամբ լինեն, այլ պարզ սրտից բխած մխիթարական խոսքերը բավարար են։ Իսկ դրանից ավելին այս դարի ու վայրենաբարո, ոչ քրիստոնեավայել դաստիարակության հետևանք է, երբ հարազատները նույնիսկ ծանր պարտքերի տակ են մտել հուղարկավորության շքեղությունն ապահովելու համար։
Եվ, բնականաբար, այդ բոլորին զուգահեռ, գերեզմանաքարերը քանի գնացին, դարձան ավելի շքեղ, թանկարժեք ու առանց սուրբ Խաչի նշանի, քանզի մարդկանց սրտերից վերացել է փրկության հույսը, բայց չէ՞ որ «Հիսուս»-ը թարգմանվում է Փրկիչ, քանզի Նրա միջոցով մարդը փրկվում է հավիտենական մահվանից։ Ե՞րբ պետք է ազատվենք անհավատությամբ հոգին դառնացնող այս ախտերից, չգիտեմ, բայց համարձակ ու Աստծո խոսքին հավատարիմ մարդիկ պետք է կարողանան հուղարկավորության հավաքված ժողովրդին օրինակ ծառայել ու արմատախիլ անել արդեն ոսկրացած այս դառն ու սնոտի, ավելորդապաշտ սովորությունները։
Եվ փառք Աստծո, որ վերջին տարիներին նորից վերականգնվում է գրանիտե կամ մարմարյա մեծագին ու սառը շիրմաքարերի փոխարեն պարզ ու հոգուն հարազատ խաչքարեր կանգնեցնելը, որը Հիսուսին պատկանելու առաջին նշանն է, քանի որ Տերն Իր Խաչով հաղթեց մահվան իշխանին՝ սատանային։
(շարունակությունը` հաջորդիվ)
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2223

Մեկնաբանություններ